ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Սիրիայի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազաները գտնվում են մարտական բարձր պատրաստության ռեժիմում։ Ներկա պահին նրանց անվտանգությանը լուրջ սպառնալիք չկա։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները Սիրիայում գտնվող ՌԴ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:
«Բաշար Ասադը Սիրիայի տարածքում զինված հակամարտության մի շարք մասնակիցների հետ կայացած բանակցությունների արդյունքում որոշում է կայացրել թողնել նախագահի պաշտոնը և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանության փոխանցումն իրականացնել խաղաղ ճանապարհով։ Ռուսաստանն այդ բանակցություններին չի մասնակցել», - ընդգծվում Է փաստաթղթում։
ՌԴ ԱԳՆ-ն դիմում է ներգրավված բոլոր կողմերին՝ հորդորելով հրաժարվել բռնության կիրառումից և քաղաքական ճանապարհով լուծել կառավարման բոլոր հարցերը:
«Այս կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունը կապի մեջ է սիրիական ընդդիմության բոլոր խմբավորումների հետ։ Կոչ ենք անում հարգել սիրիական հասարակության բոլոր էթնո-կրոնական ուժերի կարծիքները, աջակցում ենք ներառական քաղաքական գործընթացի հաստատմանը, որը հիմնված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված որոշման վրա», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ զինված ընդդիմությունը Դամասկոսի նկատմամբ վերահսկողություն է հաստատել դեկտեմբերի 8-ի գիշերը։ Կառավարական բանակի հրամանատարությունը հայտնել է Բաշար Ասադի կառավարման ավարտի մասին: Նախագահը լքել է երկիրը։