Իսրայելական ուժերը մտել են սիրիական Խան-Արնաբա քաղաք. նրանք գնդակահարել են տեղի բնակչի

Իսրայելի դրոշը. Արխիվային լուսանկար
Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը Սիրիա են մտել իբր Գոլանի բարձունքների պաշտպանությունն ամրապնդելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Զինյալների կողմից Դամասկոսի գրավման ֆոնին Իսրայելն ակտիվացել է. իսրայելականստորաբաժանումները ներխուժել են Սիրիայի հարավ-արևմուտք։ Ինչպես հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրները, իսրայելցի պարեկները մտել են Խան-Արնաբա քաղաք, որը Կունեյտրա նահանգի վարչական կենտրոնն է:
Նշվում է, որ իսրայելցի զինվորականները գնդակահարել են տեղի բնակիչներից մեկին։ Ընդ որում, իսրայելական բանակի հետախուզական ինքնաթիռները դեռ երեկ էին նկատվել նահանգում։
ՑԱԽԱԼ-ի ներխուժումը փաստացի հաստատել է նաև «Kan» պետական հեռուստաալիքը՝ հայտնելով, որ տանկերն այսօր առավոտյան մտել են Սիրիայի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտի՝ «հարևան երկրում իրադարձությունների ֆոնին Գոլանի բարձունքների պաշտպանությունն ամրապնդելու նպատակով»:
Նշենք, որ դեկտեմբերի 8-ի գիշերը թուրքամետ զինյալները մտել են Դամասկոս։ Reuters գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտնել է Բաշար Ասադի կառավարման ավարտի մասին, իսկ Սիրիայի նախագահը, իբր, լքել է Դամասկոսը և գնացել «անհայտ ուղղությամբ»:
Նոյեմբերի 27-ին թուրքամետ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»* խմբավորման զինյալները խախտել են ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը և հարձակում սկսել Սիրիայի Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։
* Ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: