ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
Նշվում է, որ այս պահին անվտանգ աշխատելու հնարավորությունը բացակայում է։
Իսկ ՀՀ քաղաքացիների հետ կապը կպահպանվի Բեյրութում ՀՀ դեսպանությունից` հետևյալ թեժ գծի միջոցով +9617447205 (բջջային):
Ավելի վաղ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնել էին, որ դեկտեմբերի 14-ին նախատեսվում է իրականացնել Դամասկոս-Երևան չվերթ, որով Երևան կժամանեն սիրիահայերի առաջին խումբը։ Այս պահին սիրիահայերի ճակատագիրն անհայտ է։
Նշենք, որ դեկտեմբերի 8-ի գիշերը թուրքամետ զինյալները մտել են Դամասկոս։ Reuters գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտնել է Բաշար Ասադի կառավարման ավարտի մասին, իսկ Սիրիայի նախագահը, իբր, լքել է Դամասկոսը և գնացել «անհայտ ուղղությամբ»:
Նոյեմբերի 27-ին թուրքամետ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»* խմբավորման զինյալները խախտել են ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը և հարձակում սկսել Սիրիայի Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։
* Ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: