ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) բրոնզե մեդալ նվաճեց Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։
Նա պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ և բարձրացրեց 85 կգ: Հրում վարժությունում Ալեքսանդրային հաջողվեց գլխի վերևում պահել 117 և 120 կգ–անոց ծանրաձողերը: Այս վարժությունում Գրիգորյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր:
19-ամյա Ալեքսանդրան առաջին վարժությունից հետո (85 կգ) 12-րդն էր, սակայն երկրորդում բարձրացրեց 120 կգ՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ երիտասարդների շրջանում։
Երկամարտի 205 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հիշեցնենք, որ Գրիգորյանը Եվրոպայի գործող չեմպիոն է:
Վաղը՝ դեկտեմբերի 9-ին, մրցապայքարի մեջ կմտնի Գոռ Սահակյանը ( 67 կգ)։
Հավելենք, որ 14 տարվա ընդմիջումից հետո սա հայ կին ծանրորդների առաջին մեդալն է աշխարհի առաջնությունում։