ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հալեպում մարդիկ տնտեսական ծանր վիճակում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը։
Նրա խոսքով՝ թեպետ սննդամթերքի պակաս չկա, սակայն ամեն ինչ թանկացել է։
«Սննդամթերքի խանութները բաց են, պակաս չկա, Հալեպ ապրանքներ բերվում են, առաջին օրերին հացի պակաս կար, հիմա դա էլ չկա, բայց գները կրկնապատկված, եռապատկված են, դրա համար տնտեսական տագնապ կա»,- նշեց Պողիկյանը։
Նրա խոսքով՝ քաղաքում հանգիստ է, բայց մարդիկ իրենց բնականոն աշխատանքին չեն վերադարձել, այսինքն՝ գումար չեն վաստակում, որ կարողանան գնումներ կատարել։
Դեկտեմբերի 4-ին հայտնել էինք, որ Հալեպում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում, մեկնարկել է հալեպահայերին նյութական օգնության տրամադրման գործընթացը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հովանավորությամբ։
Պողիկյանը նշեց, որ առաջնորդարանն արդեն 3 օր է՝ օգնություն է տրամադրում հայ համայնքի բոլոր անդամներին։ Խոսքը ֆինանսական աջակցության մասին է, որ համայնքի անդամները կարողանան իրենց կարիքները հոգալ։
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», գործունեությունն արգելված է ՌԴ-ում) սիրիական ընդդիմության զինված կազմավորումների հետ Իդլիբի հյուսիսից լայնածավալ հարձակում սկսեց Հալեպ և Համա քաղաքների ուղղությամբ:
Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։ Սակայն մարտերը շարունակվում են, և սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը` հարվածներ հասցնելով զինյալների տեխնիկային, պահեստներին, հրետանային դիրքերին և կենդանի ուժին:
* Ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: