Հարավային Կորեայի նախագահը ներողություն է խնդրել ռազմական դրություն մտցնելու համար

Հարավային Կորեայի նախագահը ուղերձ է հղել ժողովրդին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեմտեմբերի - Sputnik. Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ներողություն է խնդրել երկրում ռազմական դրություն մտցնելու համար և խոստացել, որ այն նորից չի հայտարարվի։ Այս մասին հաղորդում է «Ռյոնհապ» գործակալությունը:
«Յունը ներողություն է խնդրում այն բանի համար, որ ռազմական դրություն հայտարարելը անհանգստություն և անհարմարություն է առաջացրել բնակչության համար... Երկրորդ ռազմական դրություն չի լինի»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Կորեայի Հանրապետության Ազգային ժողովն այսօր նիստ կանցկացնի, որտեղ կքվեարկի երկրի նախագահ Յուն Սոկ Յելուի իմպիչմենտի հարցի շուրջ։ Վերջինս մեղադրվում է իշխանությունը բռնի զավթելու փորձի և պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ` առանց պատշաճ հիմքերի, օրենսդրության խախտումներով ռազմական դրություն մտցնելու պատճառով:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի նախագահը դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան ուղերձ էր կարդացել` նշելով, որ «Հյուսիսային Կորեայի կոմունիստական ուժերից Կորեայի ազատ Հանրապետությունը պաշտպանելու համար» պահանջվում է «արմատախիլ անել հյուսիսկորեամետ հակապետական ուժերը», ինչի կապակցությամբ հայտարարվում է արտակարգ ռազմական դրություն:
Այնուհետև խորհրդարանը միաձայն բանաձև ընդունեց, որով նախագահից պահանջում էր վերացնել ռազմական դրությունը: Մի քանի ժամ անց Յուն Սոկ Յոլը ընդունեց խորհրդարանի պահանջները և վերացրեց ռազմական դրությունը։