Եգիպտոսի և Հորդանանի պաշտոնյաները Ասադին խորհուրդ են տվել հեռանալ Սիրիայից. ԶԼՄ

Հրապարակման մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահի ընտանիքը լքել է Սիրիան, սակայն ինքը` Ասադը, դեռ երկրում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Եգիպտոսի և Հորդանանի պաշտոնյաները Սիրիայի նախագահ Բաշար Ասադին խորհուրդ են տվել լքել երկիրը ակտիվ ռազմական գործողությունների ֆոնին, սակայն դեկտեմբերի 6–ին նա դեռ երկրում էր։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին։
«Ասադը Սիրիայում էր ուրբաթ օրը։ Անցյալ շաբաթ նրա երեխաներն ու կինը մեկնեցին... Եգիպտոսի և Հորդանանի պաշտոնյաները Ասադին կոչ են արել լքել երկիրը և ձևավորել ժամանակավոր խորհուրդ, որը կներառի ընդդիմությունը»,-ասվում է հրապարակման մեջ։
Հոդվածում, հղում անելով անվտանգության ոլորտում սիրիական աղբյուրներին և արաբ պաշտոնյաներին, նշվում, որ Ասադն իբր կոչ է արել Թուրքիային միջամտել ապստամբների հետ կապված իրավիճակին, ինչպես նաև զենք և հետախուզական օգնություն է խնդրել այլ երկրներից, այդ թվում` ԱՄԷ-ից, Եգիպտոսից, Հորդանանից և Իրաքից, սակայն առայժմ մերժում է ստանում։
Սիրիայում ճգնաժամը սաստկացել է նոյեմբերի 29-ին՝ «Հայաթ Թահրիր աշ Շամ»-ի* (նախկին անվանումը ՝ «Ջեբհաթ ան Նուսրա»՝ ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) և սիրիական ընդդիմության այլ զինված կազմավորումների հետ համատեղ լայնածավալ գործողության մեկնարկից հետո: Զինյալներն Իդլիբի հյուսիսից շարժվել են դեպի Հալեպ և Համա։
Թեհրանը Կիևից պահանջել է անհապաղ դադարեցնել Սիրիայում ահաբեկիչներին աջակցելը
Նոյեմբերի 30-ին ահաբեկիչները վերահսկողության տակ են վերցրել մեծությամբ երկրորդ սիրիական քաղաքը՝ Հալեպը և նրա շրջակայքը` ներառյալ միջազգային օդանավակայանը և Քուվեյրիս ռազմական ավիաբազան: Սա 2011թ. սիրիական հակամարտության սկզբից ի վեր գրոհայինների՝ Հալեպի ամբողջական գրավման առաջին դեպքն է: Մինչև 2016-ի վերջը զինված ընդդիմությունը վերահսկում էր քաղաքի միայն արևելյան մասը, բայց սիրիական բանակը, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ, այնտեղից դուրս մղեց հակակառավարական զորքերին:
Հալեպի գրավումից հետո ահաբեկչական խմբավորումները փորձեցին առաջ շարժվել Համա քաղաքի ուղղությամբ՝ գրավելով Մաարեթ Նուուման բնակավայրը։ Սակայն դեկտեմբերի 1-ին սիրիական բանակը հայտարարեց Համայում գրոհայինների առաջխաղացումը կանխելու և հակահարձակման անցնելու մասին, որի ընթացքում ազատագրվեցին մի քանի բնակավայրեր:
* Ռուսաստանի Դաշնությունում արգելված ահաբեկչական կազմակերպություն:
ՌԴ արտգործնախարարը Իրանի և Թուրքիայի գործընկերների հետ Դոհայում կքննարկի սիրիական խնդիրը