ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ այսօր տեղի ունեցավ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը։ Հավատացյալների երկրպագության համար Մայր աթոռ Սուրբ էջմիածնից Գյումրի էր բերվել Փրկչի Խաչափայտի մասունքը։
Սկզբում հնչել է տերունական աղոթք, որից հետո վեհափառի ձեռամբ վերաօծվել է խորանի սուրբ սեղանը:
«Հոգևոր ցնծությամբ են լցված ամենքիս հոգիները․ 150-ամյա այս տաճարը, որն ավերվեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով, աղետից 36 տարի անց վերստին իր դռներն է բացում քրիստոսասեր ու ավանդապահ գյումրեցի հավատավոր մեր զավակների և ուխտավորների առջև»,- իր խոսքում ասել է վեհափառ հայրապետը։
Նա շեշտել է, որ երկրաշարժի հետևանքով խոնարհված այս եկեղեցին ավերակների միջից վեր հառնեց Շիրակի թեմի բարեպաշտ ժողովրդի ու զորեղ հավատքի շնորհիվ: Այսուհետև եկեղեցում վերսկսվելու են հոգևոր արարողությունները։
«Սիրելինե՛ր, որքան ամուր դարձնենք մեր հավատքը, այնքան զորություն պետք է ունենանք՝ միասնաբար մեր կյանքի նեղությունները հաղթահարելու: Հայրապետական մեր պատգամն է ձեզ՝ միշտ լինեք ոգով անկոտրում և հոգևոր մեր արժեքները դարձնեք ամուր հիմքը միասնության: Միշտ շեն ու բանուկ պահեք ճանապարհը դեպի այս նվիրական տաճար»,- նշել է կաթողիկոսը։
Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ ասել է՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաբացումով փաստվում է, որ Գյումրին վերածնվում է:
«Այս եկեղեցին վկայում է, որ քաղաքը չմեռավ, քանի որ հավատում էր իր Տիրոջ հարության հրաշքին: Եվ ահա Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերակառուցմամբ, վերաօծմամբ ու վերաբացմամբ մենք փակել ենք սգո էջը մեր քաղաքի պատմության մեջ՝ չմոռանալով անմեղ զոհերին: Այս եկեղեցին՝ որպես աղոթող հուշարձան, իր ոգեղենությամբ փակում է սգո էջը և բացում հարության էջը»,- ասել է սրբազանը:
Եկեղեցու վերաօծման արարողությունից հետո մատուցվել է սուրբ պատարագ։
Հիշեցնենք` 1988–ի դեկտեմբերի 7-ին` ժամը 11: 41-ին, Հայաստանում տեղի ունեցավ ամենասարսափելի աղետներից մեկը` ավելի քան 9 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, ընդհանուր առմամբ` 21 քաղաք և 324 գյուղ։ Պաշտոնական տվյալներով` երկրաշարժի զոհ դարձավ ավելի քան 25 հազար մարդ, սակայն իրականում թիվն անցնում էր 35 հազարը։ Անօթևան դարձավ 530 հազար մարդ։