Անհասկանալի է, թե ԱՄՆ հեռացող վարչակազմի հետ հանդիպումն ինչ օգուտ կարող է տալ. Արթուր Խաչիկյան

Sputnik
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Միացյալ Նահնագներում էր։ Պենտագոնում նրան դիմավորեցին պաշտոնական արարողությամբ։ Ամերիկայի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը որակեց պատմական։ Թերևս այն առումով, որ 2018 թվականից հետո փաշինյանական կառավարության պաշտպանության նախարարին առաջին անգամ ընդունել է Պենտագոնի ղեկավարը։ Ընդ որում` հեռացող ղեկավարը, այնպես որ հայ-ամերիկյան երկարաժամկետ գործակցության որևէ պայմանավորավածություն տեղի ունենալ չէր կարող, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ շեշտակի փոփոխություններ են սպասվում Թրամփի ընտրությամբ։
Հայ-ամերիկյան գործակցության օրակարգում ըստ պաշտոնական հաղորդագրությունների գերիշխողը կրթական թեմաներն են` ռազմական կրթություն, մարտական պատրաստություն, միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության վարժանքներ, սերժանտական և հրահանգչական ինստիտուտների զարգացում, զինված ուժերի ուսումնավարժական կարողությունների ստեղծում։
Նույն օրակարգով Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում էր նաև 2 տարի առաջ աշնանը։ Այս անգամ ռազմական կրթությանն ավելացել է համզգեստի թեման։ Նախարար Պապիկյանը «Միլլիկեն» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի զինված ուժերի նոր համազգեստի մշակման հարցեր։ Այն համազգեստի, որի մասին Սուրեն Պապիկյանն Ազգային Ժողովում հայտարարեց դեռ մեկ տարի առաջ, հետո մրցույթ հայտարարվեց, բայց երկրորդ փուլի պահանջներին մասնակիցները չբավարարեցին։
Հայաստանի պաշտպանության նախարարի ամերիկյան այցի արդյունքների մասին Sputnik Արմենիան զրուցել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։