ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Բահրեյնում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 22-ամյա ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հաղթեց 61կգ քաշային կարգի B ենթախմբում։
Նա Հայաստանի հավաքականի կազմում առաջինը մրցահարթակ դուրս եկավ։ Պոկում վարժությունում Չոլակյանը ցույց տվեց 130կգ արդյունք, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց 150կգ կշռող ծանրաձողը։
Երկամարտի 280կգ արդյունքով Չոլակյանը հաղթող ճանաչվեց։ Աշխարհի առաջնության չեմպիոնն ու մրցանակակիրները հայտնի կդառնան A ենթախմբի մրցաշարի ավարտից հետո։
Նշենք, որ մեր հաջորդ մասնակիցն է լինելու Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանը, որը դեկտեմբերի 9-ին հանդես է գալու 73կգ քաշայինների A խմբում։
Հավելենք, որ ծանրամարտի 2024 թվականի աշխարհի 89-րդ առաջնությունն անցկացվում է դեկտեմբերի 4-ից 15-ը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում, որն առաջին անգամ է հյուրընկալում այս առաջնությունը։