Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ–ն պատրաստ է նոր «մեսիջներ» ուղարկել Արևմուտքին. Լավրովը` «Օրեշնիկի» փորձարկման մասին

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Մոսկվան պատրաստ կլինի օգտագործել ցանկացած միջոց, որպեսզի թույլ չտա, որ Արևմուտքը հաջողության հասնի ՌԴ–ին «ռազմավարական պարտություն» հասցնելու հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ–ն պատրաստ է լրացուցիչ «մեսիջներ» ուղարկել Արևմուտքին, եթե այնտեղ անհրաժեշտ եզրակացություններ չանեն «Օրեշնիկի» գործարկումից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։
Ինչպես նշել է ՌԴ նախարարը, «Օրեշնիկի» արձակման ուղերձն այն էր, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, որոնք հեռահար զենք են մատակարարում Ուկրաինային, պետք է հասկանան, որ Մոսկվան պատրաստ կլինի օգտագործել ցանկացած միջոց, որպեսզի թույլ չտա, որ Արևմուտքը հաջողության հասնի ՌԴ–ին «ռազմավարական պարտություն» հասցնելու հարցում:
«Ուղերձը, որը ուզում էինք հասցնել՝ փորձարկելով այդ գերձայնային համակարգը իրական պայմաններում, այն է, որ մենք պատրաստ կլինենք անել ամեն ինչ՝ պաշտպանելու մեր օրինական շահերը», - ասել է Լավրովը։
Նախարարի խոսքով՝ ՌԴ–ն կցանկանար խուսափել թյուրըմբռնումից, բայց քանի որ Լոնդոնում և Բրյուսելում որոշ անհատներ կարծես թե այնքան էլ ճիշտ չեն գնահատում իրավիճակը, ՌԴ–ն պատրաստ է լրացուցիչ «մեսիջներ» ուղարկել, եթե նրանք անհրաժեշտ եզրակացություններ չանեն։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է ՌԴ նախարարը, անհանգստության տեղիք են տալիս ԱՄՆ-ի սպառնալիքները սահմանափակ միջուկային հարվածների հնարավորության վերաբերյալ։
Նրա խոսքով՝ միջուկային հարվածների սահմանափակ փոխանակման մասին զրույցները «աղետի հրավեր» են, ինչը ՌԴ–ն չի ուզում։
Հիբրիդային պատերազմ է. Լավրովը` Ուկրաինայի իրադարձությունների մասին
Լավրովը նշել է` Ռուսաստանը տեղյակ է, որ Պենտագոնում և այլ կազմակերպություններում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ում, որոշ պաշտոնական այրեր սկսել են խոսել այն մասին, որ դաշինքը պաշտպանական է, բայց երբեմն կարելի է առաջինը հարվածել, քանի որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հանդես էր եկել ուղերձով, որում հայտարարել էր, որ Ուկրաինան նոյեմբերի 19-ին հարվածներ է հասցրել Կուրսկի և Բրյանսկի մարզերի օբյեկտներին՝ կիրառելով ամերիկյան ATACMS և բրիտանական Storm Shadow հեռահար հրթիռներ: Ի պատասխան ամերիկյան և բրիտանական զենքի կիրառման՝ նոյեմբերի 21-ին Ռուսաստանը համակցված հարված հասցրեց Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. Դնեպրոպետրովսկում խոցվեց խոշոր արդյունաբերական համալիր, որն արտադրում է հրթիռային տեխնիկա և սպառազինություն:
Մարտական պայմաններում իրականացվել է միջին հեռահարության ռուսական նորագույն հրթիռային համակարգերից մեկի ՝ «Օրեշնիկի» փորձարկումը, այս դեպքում բալիստիկ հրթիռով ՝ առանց միջուկային հիպերձայնային սարքավորումների։