ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցները դեկտեմբերին այցելել են Բաքվում պահվող 23 հայերին, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ամատունին նշեց, որ նրանց են փոխանցվել անձնական իրեր և հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների հետ։
«Ամեն այցելության ժամանակ նման հնարավորություն չի լինում, սակայն ժամանակ առ ժամանակ նրանց տրվում է նման հնարավորություն` ստանալու անձնական իրերով փաթեթներ»,– ավելացրեց Ամատունին։
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։