Իսրայելի բանակը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի երեք բարձրաստիճան ներկայացուցչի է չեզոքացրել

Իսրայելցի զինվորականներ
ՑԱԽԱԼ-ը հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները ծառայել են Շատիի գումարտակում և մասնակցել են Իսրայելի հարավային բնակավայրերի վրա հարձակմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման երեք բարձրաստիճան անդամի է չեզոքացրել, որոնք մասնակցել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավային բնակավայրերի վրա հարձակմանը։
«Գործողությունների ընթացքում ոչնչացվել են Մաջդի Ակիլանը, որը Շատիի գումարտակի հրամանատարի տեղակալն էր և Նիր Օզի կիբուցի վրա հարձակումը ղեկավարողներից մեկը, Մամդուհ Մահանան, որը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանման թունելային կազմավորման ավագ հրամանատարն էր, և Ահմեդ Սուիդանը, որը Շատիի գումարտակի վաշտի հրամանատարն էր, ներգրավված է եղել հոկտեմբերի 7-ին իսրայելցի խաղաղ բնակիչների առևանգմանն ու Գազայի հատված տեղափոխելուն»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։