Իրանը պատրաստ է Սիրիայի բանակին աջակցել այնքան, որքան պետք լինի. ԱԳՆ

Աբբաս Արաղչի
Թեհրանի նպատակն է ուժեղացնել քաղաքական մերձեցումն այն պետությունների հետ, որոնք աջակցում են Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտոնական կառավարությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Իրանը պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել Սիրիայի կառավարությանը, ժողովրդին և բանակին: Ինչպես հայտնում է «Fars» գործակալությունը, այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Իրանը լիովին պատրաստ է Սիրիայի կառավարությանը, ժողովրդին և բանակին աջակցել այնքան, որքան պետք լինի», - ընդգծել է նախարարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքի, Իրանի և Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ Ֆուադ Հուսեյնը, Աբբաս Արաղչին և Բասամ Սաբաղը, դեկտեմբերի 6-ին հանդիպելու են Բաղդադում և քննարկելու են Սիրիայում տիրող իրավիճակը: Արաղչիի խոսքով՝ Թեհրանի նպատակն է ուժեղացնել քաղաքական մերձեցումը այն պետությունների հետ, որոնք աջակցում են Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտոնական կառավարությանը:
Սիրիայում դեռ լարված իրավիճակ է։ Հիշեցնենք` նոյեմբերի 29-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», գործունեությունն արգելված է ՌԴ-ում) սիրիական ընդդիմության զինված կազմավորումների հետ Իդլիբի հյուսիսից լայնածավալ հարձակում սկսեց Հալեպ և Համա քաղաքների ուղղությամբ:
Արդեն նոյեմբերի 30-ին ահաբեկիչները գրավեցին Սիրիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը` Հալեպը, և կից գտնվող միջազգային օդանավակայանն ու Քուվեյրիս ռազմական ավիաբազան։ Սա գրոհայինների կողմից քաղաքի նկատմամբ լիակատար վերահսկողության առաջին դեպքն է 2011 թվականին ճգնաժամի սկսվելուց ի վեր (մինչև 2016 թվականի վերջը Հալեպի արևելյան հատվածը գտնվում էր ընդդիմության վերահսկողության տակ, որից հետո սիրիական բանակը ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցությամբ ազատագրեց քաղաքը):
Հալեպի գրավումից հետո ահաբեկչական ջոկատները շարունակեցին հարձակումը՝ գրավելով Մաարեթ-Նուման բնակավայրը և առաջ շարժվելով դեպի Համա։ Սիրիական բանակը մի քանի օր զսպում էր հարձակումները քաղաքի մատույցներում, բայց դեկտեմբերի 5-ին հրամանատարությունը պաշտոնապես հայտարարեց, որ իր ստորաբաժանումները վերատեղակայում է Համայի սահմաններից դուրս, ինչը վկայում է, որ կառավարական ուժերն այդ հատվածում բարդ կացության մեջ են հայտնվել։