Ինչո՞ւ աշխատանքի տեսչական մարմինը երբևէ ստուգում չի իրականացրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում

Այս պահի դրությամբ տեսչական մարմինը նյութերի նախապատրաստման և քննարկման փուլում է։ Ուսումնասիրվում են մամուլում հրապարակված նյութերը։ Առաջիկայում որոշում կկայացվի` վարույթ հարուցե՞լ տեսչական մարմնի նախաձեռնությամբ, թե՞ ոչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությանը կից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը երբևէ ստուգում չի իրականացրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, քանի որ այդ ընկերությանը չի համարել բարձր ռիսկային կազմակերպություն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը` անդրադառնալով վերջին օրերին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների գործադուլին։
Նա նշեց, որ կառույցը ստուգումներ իրականացնում է այդ մասին օրենսդրության և ռիսկերի մեթոդաբանության համաձայն։
«Մենք այս ընթացքում ստուգում չենք իրականացրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, քանի որ տվյալ կազմակերպությունը, մեր ռիսկայնության մեթոդաբանության համաձայն, բարձր ռիսկային կազմակերպություն չի համարվել։ Այսինքն` երբևիցե ստուգում չենք իրականացրել, ըստ այդմ էլ խախտումներ չեն հայտնաբերվել»,–ասաց Մկրտչյանը։
Նա նշեց, որ բացի ստուգումներից, տեսչական մարմինն իր վերահսկողական գործառույթն իրականացնում է վարչարարության հիման վրա` վարչական վարույթներ հարուցելով։ Դրանք հարուցվում են երկու հիմքով ` երբ լինում է դիմում– բողոք, և տեսչական մարմնի նախաձեռնությամբ։ Տեսչական մարմնի նախաձեռնության համար կարող է հիմք հանդիսանալ մամուլի հրապարակումը կամ այլ տեղեկատվությունը։
«Տվյալ դեպքում, մինչ օրս ո՛չ դիմում– բողոք է եղել վարորդներից, ո՛չ նման հրապարակումներ։ Ըստ այդմ, այս ընթացքում սանիտարահիգիենիկ մասով և արտաժամյա աշխատանքի մասով ոչ մի վարույթ չի նախաձեռնվել։ Այս պահի դրությամբ տեսչական մարմինը նյութերի նախապատրաստման և քննարկման փուլում է։ Ուսումնասիրում է և՛ գործատուի, և՛ աշխատողների` մամուլում հրապարակված նյութերը։ Առաջիկայում որոշում կկայացվի` վարույթ հարուցե՞լ տեսչական մարմնի նախաձեռնությամբ, թե՞ ոչ»,–ասաց Մկրտչյանը։
Նա ընդգծեց, որ տեսչական մարմնի կողմից վարույթ հարուցելու դեպքում ժամկետներ չկան, իսկ դիմում–բողոքի դեպքում կա հստակ ժամկետ` 3 աշխատանքային օր դիմումը ստանալու օրվանից։
Անդրադառնալով այս տարիներին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդներից ստացված հնարավոր դժգոհություններին, պաշտոնյան նշեց, որ 2022 թվականին եղել է մեկ վարորդից դիմում–բողոք, բայց ընթացքում վարույթը կարճվել է իրավախախտման բացակայության հիմքով։ Բացի այդ, 2024 թվականին իրենց բողոքով դիմել է աշխատանքից ազատված վարորդ, որը վարչական վարույթի ընթացքում դիմումից հրաժարվել է, իսկ դիմումը` կարճվել։
Հիշեցնենք` Երևանում ավտոբուսների վարորդները դեկտեմբերի 3-ին գործադուլ էին հայտարարել։ Նրանք պահանջում էին, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն։ Քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, որ, ըստ օրենքի, վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Երեկոյան քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ավտոբուսի 32 վարորդ ազատվել է աշխատանքից` չբացառելով, որ աշխատանքից էլի մարդիկ կազատվեն, որովհետև քաղաքապետարանը չի պատրաստվում նման վերաբերմունք հանդուրժել։
Հավելենք, որ դեկտեմբերի 4–ի առավոտյան Երևանի քաղաքապետարանն ազատված վարորդների թափուր աշխատատեղերի համար D կարգի վարորդների աշխատանքի հայտարարություն էր տարածել, սակայն երեկոյան վարորդները նշեցին, որ կվերադառնան աշխատանքի։