Ինչ կար խաղաղության պայմանագրի տեքստում 1 տարի առաջ և ինչ կա հիմա. պատգամավորը բացատրում է

Մեկ տարի առաջ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով` պայմանագրի տեքստի նախորդ տարվա տարբերակում ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» հարցը որպես այդպիսին ձևակերպված չէր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի որոշ մանրամասներ, որոնց ինքը և խմբակցության մի քանի այլ գործընկերներ ծանոթացել են մեկ տարի առաջ։
2023 թվականի դեկտեմբերին պատգամավորները, համապատասխան կարգով, կապ են հաստատել արտաքին գործերի նախարարության հետ՝ ծանոթանալու պայմանագրի նախագծին, որը Բաքվի հետ դեռ քննարկման և համաձայնեցման փուլում է։
Բաքուն մերժել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու առաջարկը. ԶԼՄ
Ինչպես այսօր ճեպազրույցում նշեց Գրիգորյանը, անցած տարի պայմանագրի տեքստում կար կետ հայերի` Լեռնային Ղարաբաղ վերադարձի մասին։ Բայց աստիճանաբար Հայաստանի իշխանություններն այս հարցը դուրս մղեցին օրակարգից։
Գրիգորյանը նշեց, որ պայմանագրի տեքստի նախորդ տարվա տարբերակում ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» հարցը որպես այդպիսին ձևակերպված չէր։ Բայց պետք է հաշվի առնել, որ դրանից հետո համաձայնագրի նախագիծը բազմիցս ճշգրտվել ու փոփոխվել է։ Եվ դրա վառ ապացույցը ապաշրջափակման հարցն է, որը նախորդ տարի կար բանակցություններում, իսկ այսօր չկա և որը թողել են հետագա քննարկումների։

«Վերջին շրջանում սահմանադրության փոփոխման կետն ավելացավ , մի քանի կետեր ավելացան, այդ թվում՝ միջազգային դատարաններից հայցերի հետքաշման պահանջը... Ուստի այդ փոփոխությունների թվում կարող է լինել նաև ադրբեջանցիների «վերադարձի» հարցը»,–ասաց Գրիգորյանը։

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Իլհամ Ալիևը ֆորումներից մեկում ասել էր, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «արևմտյան ադրբեջանական համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքները վերականգնելու համար՝ ենթադրելով նրանց «վերադարձը» Հայաստան։ Պաշտոնական Երևանը սրան դեռ չի արձագանքել։