ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի հակամարտությունը հիբրիդային պատերազմ է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում:
«Պաշտոնապես մենք (ՌԴ-ն և ԱՄՆ-ն) չենք կռվում։ Ոմանք այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, անվանում են հիբրիդային պատերազմ։ Ես էլ այդպես կանվանեի», - ասել Է Լավրովը։
Նրա խոսքով՝ առանց ամերիկացի զինծառայողների անմիջական մասնակցության ուկրաինացիները չէին կարողանա անել այն, ինչ անում են մեծ հեռահարության ժամանակակից զենքով:
«Դա վտանգավոր է։ Դրանում կասկած չկա», - ասել է ՌԴ արտգործնախարարը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հանդես էր եկել ուղերձով, որում հայտարարել էր, որ Ուկրաինան նոյեմբերի 19-ին հարվածներ է հասցրել Կուրսկի և Բրյանսկի մարզերի օբյեկտներին՝ կիրառելով ամերիկյան ATACMS և բրիտանական Storm Shadow հեռահար հրթիռներ: Ի պատասխան ամերիկյան և բրիտանական զենքի կիրառման՝ նոյեմբերի 21-ին Ռուսաստանը համակցված հարված հասցրեց Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. Դնեպրոպետրովսկում խոցվեց խոշոր արդյունաբերական համալիր, որն արտադրում է հրթիռային տեխնիկա և սպառազինություն:
Մարտական պայմաններում իրականացվել է միջին հեռահարության ռուսական նորագույն հրթիռային համակարգերից մեկի ՝ «Օրեշնիկի» փորձարկումը, այս դեպքում բալիստիկ հրթիռով ՝ առանց միջուկային հիպերձայնային սարքավորումների։
Հավելենք` 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։