ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանի խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության կեղծման համատեքստում օգտագործված «հայկական կարուսել» արտահայտության տակ որևէ էթնիկ ենթատեքստ չի եղել։ Դիմելով ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում բնակվող հայերին` վրացական առաջին ալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Զուրաբիշվիլին մեղադրեց գործող կառավարությանն ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ և հայտարարեց, որ գործի է դրվել, այսպես կոչված, «հայկական կարուսելը»: Ճիշտ է, ավելի ուշ նա ուղղել է ինքն իրեն՝ ասելով, որ հավանաբար Հայաստանում դա անվանում են «վրացական կարուսել»։ Նրա խոսքերը լայն հնչեղություն են ստացել։
«Դրանից պատմություն են սարքել։ Ես առաջին անգամ լսել եմ այդ տերմինը Վրաստանում Շևարդնաձեի օրոք, այն տարածված էր Սաակաշվիլիի ժամանակ։ Ընտրությունների ժամանակ անմիջապես հիշեցի այն։ Եվ, եթե չեմ սխալվում, Հայաստանում այն անվանում են «վրացական կարուսել», - ասել է Զուրաբիշվիլին:
Հիշեցնենք, որ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ մեղադրանքներն անվանել էր կեղծ և երկրի ընտրական համակարգը վարկաբեկելու նպատակ հետապնդող, իսկ Վրաստանի դատախազությունը հարցաքննության էր կանչել Զուրաբիշվիլիին և պահանջել պարզաբանել, թե ինչ նկատի ուներ նա՝ խոսելով էլեկտրոնային քվեարկության կեղծման մասին։