3 զինվորի ծառայությունից ազատելու համար զորակոչի բաժնի պետը 23 հազար դոլար կաշառք է ստացել

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի թիվ 1 տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժնի պետը 3 զինծառայողների պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տալու համար 2024 թվականի հունիսից օգոստոս ժամանակահատվածում ստացել է շուրջ 9 միլիոն դրամ կաշառք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը:
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ բաժնի պետը Ա.Թ.-ից ստացել է 3 միլիոն 880 հազար դրամին համարժեք 10 հազար ԱՄՆ դոլար, Գ.Գ.-ից՝ 3 միլիոն 103 հազար դրամին համարժեք 8 հազար ԱՄՆ դոլար և Կ.Ե.-ից՝ 1 միլիոն 938 հազար դրամին համարժեք 5 հազար ԱՄՆ դոլար կաշառք»,- ասված է հաղորդագրությունում:
Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել զորակոչի բաժնի պետի նկատմամբ՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար խոշոր չափերով կաշառք ստանալու հոդվածով:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: