ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը կողջունի Ուկրաինայի բանակցությունների հարցով բոլոր միջնորդական ջանքերը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք պատրաստ ենք ողջունել միջնորդական բոլոր ջանքերը», - ասել է Պեսկովը:
Անցած շաբաթ Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին այն պայմաններով, որոնք նա նախանշել էր ավելի վաղ:
Հունիսին Պուտինը հանդես էր եկել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնություններով. Մոսկվան անհապաղ կդադարեցնի կրակը և բանակցությունների կգնա Ռուսաստանի նոր տարածաշրջաններից ուկրաինական զորքերի դուրսբերումից հետո: ՌԴ նախագահը նաև հավելել էր, որ Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից հրաժարվելու և ապառազմականացում ու ապաազգայնացում իրականացնելու մասին, ինչպես նաև չեզոք, արտադաշինքային և առանց միջուկային կարգավիճակ ընդունելու մասին: ՌԴ նախագահը հիշատակել էր նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը։