Քաղաքական հետապնդում է` կապված իմ գործունեության հետ. Կապանի համայնքապետ

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը . Արխիվային լուսանկար
Գևորգ Փարսյանը նշել է, որ իր ընտանիքին պատկանող բիզնեսների դեմ գործունեություն է իրականացվում, իսկ իր փոքր եղբորը փորձում են կալանավորել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը հայտարարել է, որ իր և իր ընտանիքի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում` կապված իր գործունեության հետ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Փարսյանը նշել է, որ վարույթ է նախաձեռնվել «Կապանի նորոգշին» ՍՊԸ-ի նկատմամբ՝ ապօրինի ընդերքօգտագործման հոդվածով, ինչի հետևանքով քարի ջարդման արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Սեպտեմբերից մինչ օրս կապարակնքվել են քարի ջարդման սարքավորումները:
Երկրորդ քրեական վարույթը վերաբերում է «Գրիգ բիզնես» ՍՊԸ-ին, որը ևս Փարսյանի ընտանիքին պատկանող կազմակերպություններից է։ Գազալցակայանի գործունեությունը կասեցված է:
«Կարծում եմ՝ այս ամենը կոնկրետ իմ անձի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ են և կապված են իմ գործունեության հետ: Չեմ կարծում, որ սա կապ ունի բիզնես գործունեության հետ»,–ասել է Փարսյանը։
Անդրադառնալով իր փոքր եղբոր հետ կապված գործընթացներին, Փարսյանը նշել է, որ նրան անընդհատ փորձում են կալանավորել։
«Սկզբում առաջին ատյանի դատարան տարան գործը, հետո՝ վերաքննիչ, հիմա էլ՝ վճռաբեկ: Բայց որ մտածում ես, թե մեղադրանքն ինչի համար են առաջադրել… իսկապես աբսուրդ է՝ դասերին չհաճախելու և բուհի լսարաններից մեկի վերանորոգմանը մասնակցելու համար: Եվ այդ ամենը փորձում են դիտարկել որպես կաշառք տալ։ Աբսուրդ է, այսինքն՝ արդեն հասել ենք այն աստիճանի, որ բարի կամքի դրսևորումը ներկայացվում է որպես կաշառք տալ»,–ասել է նա:
Հարցին, թե ուրիշ ի՞նչ քայլերի կարող է գնալ իշխանությունը, Փարսյանը նշել է, որ այն անարդարության մթնոլորտը,որ գոյություն ունի, ինքը չի կարող ինչ-որ բան բացառել:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Կապանի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ծրագրում է ազատվել Գևորգ Փարսյանից և համայնքապետ դարձնել գործարար Էդգար Հակոբյանին, որը հայտնի է իշխանության հետ լավ հարաբերություններով։ Նշենք, որ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի և իշխանության հարաբերությունները տևական ժամանակ է՝ լարված են։
2021թ․ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ նա նաև հայտարարել էր, թե ոչ մի դեպքում չպետք է ձայն տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դեռ 2021թ․ մամուլը գրում էր, որ իշխանությունները փորձում են Փարսյանին հեռացնել պաշտոնից, նրա փոխարեն նշանակել ՔՊ խմբակցության պատգամավոր կապանցի Դավիթ Դանիելյանին։
2021թ․ նոյեմբերի 14-ին Կապան խոշորացված համայնքում անցկացված ավագանու ընտրություններում Գևորգ Փարսյանի ղեկավարած քաղաքական ուժը՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, ջախջախիչ հաղթանակ տարավ։ 20 086 ընտրողներից 13 962–ը քվեները տվեցին Փարսյանի գլխավորած ուժին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկեց ընդամենը 5 791 ընտրող։