ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Իրանի հարավ-արևմուտքում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը (USGS):
Ստորգետնյա ցնցումներ գրանցվել են UTC ժամանակով ժամը 04.02-ին Մասջեդ Սոլեյման քաղաքից մոտավորապես 37 կմ հարավ: Ցնցումների օջախը 10 կիլոմետր խորության վրա է։
Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Խուզեստան նահանգի Կարմիր մահիկի ղեկավար Վահիդ Շաբանին էլ իր հերթին հաստատել է, որ Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգի Հեֆթգել քաղաքի մոտ տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
«Ժամը 7.32-ին 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել», - մեջբերում է Fars լրատվական գործակալությունը ղեկավար Շաբանիի խոսքերը:
Նրա խոսքով՝ երկրաշարժը տեղի է ունեցել նոսր բնակեցված տարածքում, և մինչ այժմ զոհերի մասին տեղեկություններ չկան։