ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փորձում է դարձնել կառավարությանը կից մի կառավարելի վարչություն՝ կառավարելի կադրերով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ինչպես հայտնի է, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար երկու թեկնածու կա` Արմեն Մարուխյանը և Նարինե Ազարյանը։
Լրատվամիջոցը գրում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուներից մեկը` Արմեն Մարուխյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրահանգով պաշտոնից ազատված դատախազ է։
Լրատվամիջոցը կասկածելի է համարում այն հանգամանքը, որ չնայած հանձնաժողովի անդամի թեկնածուների մեջ բավականին պրոֆեսիոնալ և պատրաստված մասնակիցներ են եղել, բայց նրանց մերժել են։ Ընդգծվում է, որ իշխող ուժն իր առաջ նպատակ է դրել, որ հանձնաժողովի անդամները լինեն ոչ թե անկախ, այլ կառավարելի։
Նշվում է, որ մրցույթին մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախկին օգնական Արսեն Մանուկյանը, սակայն նա չի հաղթահարել մրցույթը, և այդ հանգամանքը շատ կասկածելի է եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի համար, քանի որ նա բավականին պատրաստված է ներկայացել:
«Բայց պրոֆեսիոնալների մերժումն ու հնարավոր կառավարելի մարդկանց ներգրավումը անկախ մարմնում միայն մի բանի մասին է վկայում. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի իշխանությունը փորձում է դարձնել Կառավարությանը կից մի կառավարելի վարչություն՝ կառավարելի կադրերով, որպեսզի հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանը կարողանա հետագայում հեշտությամբ անդամների կողմից հանձնաժողովի նախագահ ընտրվել»,–գրում է օրաթերթը:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանը ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի մտերիմ ընկերուհին է: Մինչդեռ թեկնածուն պետք է բոլորին անծանոթ և անձնական կապեր չունեցող կերպար լինի: