ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի նախաբանի և 15 հոդվածների շուրջ։ Այսօր Մալթայում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում։
«Մենք համաձայնության ենք եկել նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։ Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը ստորագրելու համաձայնագիրը և փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում»,- ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ ընդգծելով, որ Հայաստանը հավատում է լիակատար կարգավորման հնարավորությանը։
Նրա խոսքով՝ սա կարող է լինել խաղաղության և կայունության կարևոր մյուս ներդրումը տարածաշրջանում։
«Այս նպատակով մենք շարունակելու ենք երկխոսությունը մեր թուրք գործընկերների հետ և իրականացնել որոշ գործնական քայլեր, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև կամրջի, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթգծով սահմանային անցման տեխնիկական պահանջների համատեղ գնահատում»,- ասել է Միրզոյանը։
Ըստ նրա՝ երբ համաձայնությունները կյանքի կոչվեն, դրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս ժողովուրդների վրա։
Հիշեցնենք` երեկ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։
Նշենք, որ հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն Ադրբեջանին էր ուղարկել օգոստոսի վերջին։
Օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ խաղաղության պայմանագրի վերջին նախագծում կա 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված են` ներառյալ նախաբանը, Ադրբեջանին առաջարկել են ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա:
Իլհամ Ալիևն իր հերթին սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի խորհրդարանում «ոչ ադեկվատ և պարզունակ» որակեց հայկական ղեկավարության գործողությունները։
Նոյեմբերի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ պատասխան առաջարկներ է ստացել Ադրբեջանից։