Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Այն, ինչ տեղի է ունենում, կորոշի Ռուսաստանի կյանքն ապագայում. Պուտին

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանում ստեղծվել է մի միջավայր, որը պատրաստված և խիզախ մասնագետներ է գեներացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Այն, ինչ տեղի կունենա ուկրաինական ուղղությամբ մարտական ​​շփման գծում, կորոշի Ռուսաստանի հետագա կյանքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստում։
«Բոլորս հասկանում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում մարտական ​​շփման գծում, ռազմաճակատում, էապես որոշելու է մեր երկրի կյանքն առնվազն տարիների, գուցե և տասնամյակների կտրվածքով», - ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ իրեն զարմացնում և միաժամանակ հիացնում է, որ ռուս մարտիկները հենց շփման գծում` մարտական ​​պայմաններում են ստեղծում և կիրառում անօդաչուներ։
«Սա խոսում է այն մասին, որ մեզ մոտ այնպիսի միջավայր է ստեղծվել, որը նման խիզախ, հերոսական և միևնույն ժամանակ լավ պատրաստված մասնագետներ է գեներացնում»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։