ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Գառնիկ Ստեփանյանի նախագահությամբ, այսօր մերժել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին պաշտպանների բողոքը։ Այս մասին նշված է Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին` սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար և պարտավորեցրել վճարել 400 հազար դրամ տուգանք։ Վազգեն Մանուկյանի գործով պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը բողոքարկել էին դատավճիռը` պահանջելով բեկանել մեղադրական վճիռը և կայացնել արդարացման վճիռ կամ գործն ուղարկել նոր քննության։
«Դատարանը մերժեց պաշտպանների ներկայացրած բողոքը՝ անփոփոխ թողնելով ս․թ․ հունիսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (դատավոր Վահե Միսակյան) կայացրած վճռը»,–հայտնել է Մանուկյանը։
Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Ըստ գործի նյութերի՝ Մանուկյանը ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու կոչեր է հնչեցրել 2021 թ. փետրվարի 12-ի, 20-ի, 26-ի հանրահավաքների ժամանակ։ Փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ Մանուկյանը հրապարակել էր ընդդիմության մշակած երկու պլան, որոնցից առաջինը ենթադրում էր բացատրական աշխատանքներ քաղաքացիների, ուժայինների, պատգամավորների հետ, իսկ երկրորդը կամ «պլան Բ»-ն իշխանության արագ զավթումն էր։
Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում ու համարում է, որ դա քաղաքական հետապնդում է։