ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու պլանները, այդ թվում՝ տնտեսությունում, ձախողվել են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՎՏԲ-ի «Ռուսաստանը կանչում է» ներդրումային համաժողովի նստաշրջանում։
Նրա խոսքով՝ 2022 թվականին որոշ երկրներ իրենց դրսևորել են որպես անբարեհույս գործընկերներ՝ քանդելով Ռուսաստանի հետ արտադրական և լոգիստիկ շղթաները։
«Հաճախ ենք լսում, որ այդ երկրների կողմից խնդիր է դրվել Ռուսաստանին հասցնել ռազմավարական պարտության և' քաղաքական, և' ռազմական, և' տնտեսական ոլորտներում (այդ թվում՝ տնտեսական և տեխնոլոգիական ուղղությամբ), արմատապես թուլացնել մեր երկրի արդյունաբերությունը, ֆինանսները, ծառայությունների ոլորտը, մեր շուկայում ստեղծել ապրանքների անհաղթահարելի պակասուրդ, ապակայունացնել աշխատաշուկան, նվազեցնել մեր քաղաքացիների կենսամակարդակը։ Ակնհայտ է, որ այդ ծրագրերը ձախողվել են», - ասել է Պուտինը։
Անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին՝ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ երկրի համախառն ներքին արդյունքն այս տարվա հունվար-հոկտեմբերին աճել է 4,1 %-ով:
«Ընդ որում, աճը հիմնականում կենտրոնացած է արտադրության վերամշակող ճյուղերում, բարձր ավելացված արժեք ունեցող ոլորտներում։ Այսպես, 10 ամսում մեր մշակող արդյունաբերությունն ավելացրել է ավելի քան 8 %-ով, իսկ ավելի ճիշտ՝ 8,1 %-ով», - ասել է Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծել է նաև, որ շատ արևմտյան պետությունների համեմատ, երկրում առկա է գործազրկության ռեկորդային ցածր մակարդակ՝ 2,3 %:
«Աշխարհի և զարգացող երկրների առաջատար տնտեսությունների մեծամասնության ֆոնին այս ցուցանիշը ամենափոքրն է։ Օրինակ՝ Եվրոպայի շատ երկրներում այն կազմում է 7 % և ավելի», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ աշխատաշուկայում կառուցվածքային փոփոխությունների մասին է վկայում մարզերում գործազրկության նվազումը, ինչպես նաև մինչև 25 տարեկան երիտասարդների շրջանում զբաղվածության աճը։
Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է գնաճը զսպելու անհրաժեշտության մասին, ինչի համար պահանջվում են ՌԴ կառավարության և Կենտրոնական բանկի համակարգված գործողությունները:
«Մեր խնդիրն է ամրապնդվել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի գծում, իրական հատվածում ապահովել որակյալ ներդրումային դինամիկա՝ արտադրությունների արդիականացման և աշխատանքի արտադրողականության բարձրացման հաշվին։ Սա մեր զարգացման գլխավոր գիծն է։ Միևնույն ժամանակ, իհարկե, կարևոր է խուսափել հիմնական մակրոտնտեսական պարամետրերի աղավաղումից և առանձին ոլորտների անհավասարակշռությունից` ներառյալ գնաճի զսպումը: Գիտեք երևի, որ առայժմ այն գտնվում է բավական բարձր մակարդակի վրա... Մեզ մոտ դա տարեկան արտահայտությամբ 8,8 % է», - ասել է նա։
ՎՏԲ-ի « Ռուսաստանը կանչում է» ներդրումային համաժողովը տեղի է ունենում դեկտեմբերի 4-5-ը Մոսկվայի Միջազգային առևտրի կենտրոնում։ Միջոցառման հիմնական թեման է «Կապիտալի ապագան և ապագայի կապիտալը»: