ՌԴ-ն ողջունում է ԵԱՏՄ-ի հետ ավելի սերտորեն համագործակցելու Իրանի ցանկությունը. Պուտին

Թեհրանն ավելի վաղ հայտ էր ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը ողջունում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առավել սերտորեն համագործակցելու Իրանի ցանկությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՎՏԲ-ի «Ռուսաստանն է կանչում» համաժողովի ժամանակ։
«Աշխատանքը երկկողմանի է, այն լավ հեռանկարներ ունի... Դուք հիշատակեցիք Եվրասիական տնտեսական միությունը։ Այստեղ մենք ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր ենք ստորագրել։ Իրանի ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել ԵԱՏՄ-ի հետ ավելի սերտ աշխատելու հարցում, այդ թվում` որպես մշտական հիմունքներով դիտորդ: Մենք դա միայն ողջունում ենք, կանենք դա»,–ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև առևտրատնտեսական կապերը կայուն են, առևտրաշրջանառությունն աճում է, մեծ նախագծեր կան տարբեր ոլորտներում:
«Մենք լավ մեծ նախագծեր ունենք նաև լոգիստիկայի ոլորտում... Եվ էներգետիկայի ոլորտում, և արդյունաբերական համագործակցության ոլորտում, և, ի դեպ, անվտանգության ապահովման ոլորտում»,-ասել է Պուտինը։
Իրանը ԵԱՏՄ–ին կից դիտորդ պետության կարգավիճակ կարող է ստանալ 2024 թվականի դեկտեմբերին
Ավելի վաղ Իրանի կառավարությունը հավանություն էր տվել Եվրասիական տնտեսական միության և Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրին: Այս տարվա օգոստոսին ԻԻՀ-ն հայտ էր ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար:
ՎՏԲ-ի տասնհինգերորդ ներդրումային համաժողովը` «Ռուսաստանն է կանչում» խորագրով, ընթանում է դեկտեմբերի 4-5-ը Մոսկվայի Միջազգային առևտրի կենտրոնում։ Դրա հիմնական թեման է «Կապիտալի ապագան և ապագայի կապիտալը»: