Հունգարիան խնդրել է ԱՄՆ-ին պատժամիջոցների ցանկից հանել «Գազպրոմբանկը»

Նման բացառությունն անհրաժեշտ է նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Հունգարիան դիմել է ԱՄՆ-ին՝ ռուսական գազի դիմաց վճարելու նպատակով «Գազպրոմբանկի» նկատմամբ սահմանած պատժամիջոցները հանելու խնդրանքով։ Այս մասին հայտնել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք դիմել ենք ամերիկյան իշխանություններին՝ խնդրելով բացառություն անել «Գազպրոմբանկի» համար՝ ապահովելու գազի դիմաց վճարումները», - հայտարարել է նախարարը՝ ելույթ ունենալով հունգարացի լրագրողների առջև:
Սիյարտոն ընդգծել է, որ այդպիսի բացառություններ արդեն արվել են մի շարք ռուսական բանկերի նկատմամբ, որոնց միջոցով ԱՄՆ-ն վճարում է ուրանի գնումների համար: Նա կարծում է, որ նշված բացառությունն անհրաժեշտ է նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար։
Ավելի վաղ նախարարը իրավիճակը քննարկել էր Սերբիայի, Սլովակիայի և Թուրքիայի գործընկերների հետ, իսկ առաջիկայում կմեկնի Վաշինգտոն՝ բանակցությունները շարունակելու համար: