ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Կորեայի Հանրապետության վեց ընդդիմադիր կուսակցությունները տեղական ժամանակով 14:43-ին նախագահ Յուն Սոկ Յոլին իմպիչմենտ հայտարարելու առաջարկ են ներկայացրել: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղումով անելով «Yonhap» գործակալությանը։
Ըստ օրենքի` առաջարկի քվեարկությունը պետք է տեղի ունենա լիագումար նիստում քննարկվելուց հետո 24-72 ժամվա ընթացքում, լիագումար նիստը կանցկացվի այս գիշեր։ Սա նշանակում է, որ իմպիչմենտի քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին կամ 7-ին: Նախագահին իմպիչմենտ հայտարարելու առաջարկին աջակցել է 191 պատգամավոր։
Ազգային ժողովում (խորհրդարանում) 300 մանդատ կա, որոնցից 108-ը նախագահական «Քաղաքացիական ուժ» կուսակցությանն է։ Իմպիչմենտի համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների երկու երրորդը։
Եթե նախաձեռնությունը անհրաժեշտ թվով ձայներ հավաքի, հարցը կուղարկվի Սահմանադրական դատարան։ Ինը դատավորներից վեցը պետք է կողմ արտահայտվի Յուն Սոկ Յոլի հեռացմանը: Սահմանադրական դատարանում գործի քննության ընթացքում նախագահի լիազորությունները կդադարեցվեն։ Նրա պարտականությունները կկատարի վարչապետը։
Հիշեցնենք` Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը դեկտեմբերի 3-ին հայտարարեց, որ երկրում ռազմական դրություն է մտցնում հյուսիսկորեամետ ուժերին արմատախիլ անելու նպատակով: Դրանից հետո երկրի ՊՆ-ն հայտնեց, որ ԶՈւ առանցքային հրամանատարների խորհրդակցություն է անցկացվել, և զինված ուժերին պատրաստվածության ուժեղացման վերաբերյալ ցուցումներ են տրվել:
Հարավային Կորեայի խորհրդարանն ավելի ուշ չեղարկեց ռազմական դրությունը։ Ինչպես նշում է «Yonhap»-ը, ռազմական դրությունը չեղարկելու օգտին քվեարկել է 190 պատգամավորներ, այդ թվում՝ նախագահական «Քաղաքացիական ուժ» կուսակցության ներկայացուցիչները։