Գյումրիում 16-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ. կա ձերբակալված

Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հասակակից պատանիների միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Գյումրու դպրոցներից մեկի մոտ 16-ամյա պատանիները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, ինչի ժամանակ մեկը դանակահարել է մյուսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է «Գյումրի» ԲԿ-ից դեկտեմբերի 3-ին, ժամը 22։50-ի սահմաններում։ Հաղորդել են, որ որովայնի ծակած-կտրած թափանցող վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա մի տղա։
Վնասվածքը ստանալու հանգամանքների մասին պատանին որևէ տեղեկություն չի հայտնել, իրավապահները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
«Պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել է Գյումրիի դպրոցներից մեկի մոտակայքում։ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժողին դանակով հարվածել է համաքաղաքացի հասակակից պատանին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը»,- ասված է հաղորդագրությունում։
Գյումրու բնակիչ 16-ամյա պատանին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծեծկռտուք ու դանակահարություն Նոր Խարբերդի գերեզմանոցների մոտ․ 17-ամյա տղան մահացել է