ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Երեկ աշխատանքից ազատված վարորդները կվերադառնան աշխատանքի։ Այս մասին News.am–ին ասել է աշխատանքից ազատված վարորդներից մեկը։
Նշենք, որ աշխատանքից ազատված վարորդներն այսօր «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի մոտ էին հավաքվել և սպասում էին, որ նրանց կնդունեն և կլսեն։ Ավելի վաղ քաղաքապետարանից նրանց հայտնել էին, որ եթե այսօր գործադուլ չանեն, ապա նրանց աշխատանքի վերադառնալու հարցը կքննարկվի։
«Մենք ոչ մեկի հետ այդպես էլ չհանդիպեցինք։ Մեր փոխտնօրենն («Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի,–խմբ.) ասաց, որ վաղն առավոտյան գանք, դիմում գրենք, որ անցնենք աշխատանքի»,–ասել է վարորդը։
Հիշեցնենք` Երևանում ավտոբուսների վարորդները դեկտեմբերի 3-ին գործադուլ էին հայտարարել։ Նրանք պահանջում էին, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն։ Քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, որ, ըստ օրենքի, վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Երեկոյան քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ավտոբուսի 32 վարորդ ազատվել է աշխատանքից` չբացառելով, որ աշխատանքից էլի մարդիկ կազատվեն, որովհետև քաղաքապետարանը չի պատրաստվում նման վերաբերմունք հանդուրժել։
Հավելենք, որ այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանն ազատված վարորդների թափուր աշխատատեղերի համար D կարգի վարորդների աշխատանքի հայտարարություն էր տարածել։