Երևանի քաղաքապետարանը «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ է փնտրում

Ավտոբուսներ
Տիգրան Ավինյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանում D կարգ ունեցող 50 հազար վարորդ կա, ուստի քաղաքապետարանը կկարողանա հարցի լուծում գտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը ավտոբուսի վարորդներ է փնտրում։ Քաղաքային իշխանությունն այդ մասին հայտարարություն է տարածել։
Նշվում է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող անձանց՝ շարժակազմերի վարորդների թիվը համալրելու համար։
Քաղաքապետարանը հիշեցրել է վարորդների «մաքուր» աշխատավարձերը՝ «ՄԱՆ»-ի վարորդները ստանում են 401 500 դրամ, «Ժոնգ Տոնգ»-ինը՝ 309 500 դրամ, «Գազել Սիթի»-ի վարորդները՝ 219 500 դրամ։
Հիշեցնենք` Երևանում ավտոբուսների վարորդները երեկ` դեկտեմբեի 3-ին, գործադուլ էին հայտարարել։ Նրանք պահանջում էին, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն։
Քաղաքապետարանը հայտարարեց, որ, ըստ օրենքի, վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեց, որ ավտոբուսի 32 վարորդ ազատվել է աշխատանքից։
Նա չբացառեց, որ աշխատանքից էլի մարդիկ կազատվեն, որովհետև քաղաքապետարանը չի պատրաստվում նման վերաբերմունք հանդուրժել։
Երևանի քաղաքապետը հավելեց, որ Հայաստանում այս պահին կա D կարգ ունեցող 50,000 վարորդ, այնպես որ քաղաքապետարանը կկարողանա հարցի լուծում գտնել։