ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Բոլոր օրինական միջոցները կգործադրվեն ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։
Պատգամավորը նշեց, որ ՔՊ արդեն նախկին անդամ Հովիկ Աղազարյանը զազրելի բացահայտում է արել։
«Պարզվում է՝ մարդու հեռախոսը նախ հայտնվել է քննիչի մոտ, հետո Փաշինյանի սեղանին, հետո բոլորով կուսակցության վարչության նիստին դրել, քննարկել են հեռախոսի պարունակությունը։ Սա ժողովրդավարության բաստիոն ՀՀ-ում է։ Աղազարյանի հեռախոսը ո՞նց է հայտնվել ձեր սեղանին»,- հետաքրքրվեց Խամոյանը։
Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ պատգամավորի հեռախոսն առգրավել է քննչական կոմիտեն ու օրենքով սահմանված կարգով։
«Երբ իրավապահ համակարգը բախվել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական, բնականաբար, քննչականն իր գործառույթների շրջանակում պարտավոր էր կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի պարունակությունը պարտավոր էր զեկուցել իր վերադասին՝ ի դեմս ՀՀ վարչապետի»,- ընդգծեց Փաշինյանը։
Նա նշեց, որ հեռախոսի պարունակած տեղեկությունները կուսակցության անդամների հետ քննարկելուց առաջ խորհրդակցել է բոլոր հնարավոր իրավասու մարմինների հետ և հետո միայն որոշել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։
«Այո՛, ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի քաղաքական, բարոյական լծակներ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տրված մանդատից զրկելու համար։ Ոչ մի րոպե չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կձեռնարկվեն այդ նպատակին հասնելու համար»,- հայտարարեց նա։
Ագնեսա Խամոյանն ավելացրեց, որ Աղազարյանը դարձել է պետական դավաճան ու ահաբեկիչ, քանի որ մերժել է վարչապետի՝ մանդատը վայր դնելու խնդրանքը, իսկ Նարեկ Զեյնալյանը նման ճակատագրի չարժանացավ, քանի որ չմերժեց Փաշինյանի խնդրանքը։
Հիշեցնենք` ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նոյեմբերի 19-ին հրաժարվեց մանդատից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ ինքն է Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին խնդրել վայր դնել մանդատները: Աղազարյանը հայտարարեց, որ մանդատը վայր չի դնի։ ՔՊ–ն դեկտեմբերի 3-ին նրան հեռացրեց կուսակցությունից, իսկ դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստի ժամանակ Աղազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։