ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկյան տնտեսությունը կարող է մեծապես տուժել, եթե նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իրագործի սպառնալիքը և 100–տոկոսանոց մաքսատուրքեր սահմանի ԲՐԻԿՍ-ի երկրների համար: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել եգիպտացի տնտեսագետ, Հետազոտությունների և թարգմանությունների ասիական կենտրոնի տնօրեն Ահմեդ Մուստաֆան:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մաքսատուրքեր կսահմանի, եթե ԲՐԻԿՍ-ի երկրները չհրաժարվեն դոլարին այլընտրանքային արժույթ ստեղծելու ծրագրերից: Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ դեռևս վաղ է խոսել ԲՐԻԿՍ-ի միասնական արժույթի ստեղծման մասին:
Մուստաֆայի խոսքով՝ նման բարձր մաքսատուրքերի սահմանումն անխուսափելիորեն կհանգեցնի ամերիկյան շուկայում հումքի և արտադրանքի թանկացման, ինչն իր հերթին բացասաբար կանդրադառնա ԱՄՆ տնտեսության ներդրումային գրավչության վրա:
«Վերջնական ապրանքների գների կրկնակի աճը դրանք անմրցունակ կդարձնի՝ ներդրողներին ստիպելով դուրս գալ շուկայից, իսկ սպառողներին՝ հրաժարվել ամերիկյան արտադրանքից», - պարզաբանել է փորձագետը:
Մուստաֆան նաև ընդգծել է, որ նման միջոցառումները կարող են կառուցվածքային կորուստներ առաջացնել և խորացնել ԱՄՆ-ի պարտքային բեռը, որն արդեն հասել է գրեթե 40 տրիլիոն դոլարի:
Փորձագետը նշել է` Չինաստանը, որն ԱՄՆ-ի առանցքային առևտրային գործընկերն է, արդեն մշակել է նման պատժամիջոցային քայլերին հակազդելու մեխանիզմներ: Մուստաֆան օրինակ է բերել ազգային արժույթներով հաշվարկների անցնող Ռուսաստանի և Իրանի միջև ֆինանսական փոխգործակցության ամրապնդումը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի փորձերը՝ ուժային մեթոդներով ստիպել երկրներին օգտագործել դոլարը, միայն արագացնում են միջազգային առևտրում ազգային արժույթների անցում կատարելու գործընթացը: Նման միտումը, փորձագետների կարծիքով, կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա։