ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն 64 կողմ, 27 դեմ, 1 ձեռնպահ ձայներով այսօր վավերացրեց կառավարության ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջև ներդրումային վարկի մասին համաձայնագիրը։
Ըստ այդ համաձայնագրի` հիմնադրամը ՀՀ կառավարությանը 200 մլն դոլար վարկ կտա Սյունիքի մարզում ավտոմոբիլային թունել կառուցելու համար:
8,6 կմ երկարությամբ թունելը կդառնա Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կարևոր տարրը, որը ՀՀ սահմանները կկապի Իրանի և Վրաստանի հետ:
Նախագծով նախատեսվում է ինչպես ճանապարհահատվածների արդիականացում և ընդլայնում, այնպես էլ նորերի կառուցում:
Թունելից բացի, Հայաստանի հարավում շարունակվում է մայրուղու մյուս հատվածների շինարարությունը։
«Հյուսիս–հարավ» ծրագրի շրջանակում կա շուրջ 60 կմ–ոց հատված, որտեղ նախատեսված է կառուցել 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջ, 12.5 կմ երկարությամբ 9 թունել, որոնցից մեկը կլինի ամենաերկարը` 8.6 կիլոմետրանոց։
Այս ճանապարհահատվածի կառուցումը կբերի նրան, որ գործող ճանապարհը կկրճատվի 54 կմ–ով, որն էլ 1.5–2 ժամով կկրճատի երթևեկության ժամանակահատվածը։ Բացի այդ, եթե հիմա միջին արագությունը 50 կմ/ժ է, այս ճանապարհահատվածի կառուցման արդյունքում այն կդառնա 100 կմ/ժ։
Ծրագիրը բաղկացած է երեք մասից` հյուսիսային հատված` 27 կմ, հարավային հատված` 24.2 կմ, Բարգուշատի թունել` 8.6 կմ։
Այս ծրագրով նախատեսված շինարարությունը կիրականացվի մինչև 2031 թվականը, իսկ ընդհանուր ծրագրի ավարտը նախանշված է մինչև 2033 թվականը։