Ուկրաինայի լիիրավ անդամակցությունը ՆԱՏՕ-ին անընդունելի է Ռուսաստանի համար. Պեսկով

Դմիտրի Պեսկով
Այդ քայլը չի ​​վերացնում ընթացիկ հակամարտության սկզբնապատճառները, որոնք ստիպեցին Ռուսաստանին ռազմական հատուկ գործողություն սկսել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի համար անընդունելի է Ուկրաինայի լիիրավ անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Եվրոպական ճշմարտություն» պարբերականն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպման մեկնարկի օրը Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր պաշտոնական դիրքորոշումը։ Փաստաթղթում ասվում է, որ Ուկրաինայի անվտանգության միակ իրական երաշխիքը, ինչպես նաև «Ուկրաինայի և այլ երկրների նկատմամբ ռուսական հնարավոր ագրեսիայի» դեմ զսպող միջոց կարող է լինել միայն Ուկրաինայի լիիրավ անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
Մեկնաբանելով այս տեղեկությունը՝ Պեսկովն ընդգծել է, որ նման քայլը հակասում է ռուսական մոտեցմանը։
«Մենք ելնում ենք անվտանգության անքակտելիության սկզբունքից, ըստ որի՝ մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել ի վնաս մյուսի անվտանգության։ Սա միջազգային հարաբերությունների հիմնարար կանոնն է։ Այդ իսկ պատճառով մեզ համար բացարձակ անընդունելի է Ուկրաինայի պոտենցիալ անդամակցությունը ՆԱՏՕ–ին, քանի որ այն անմիջական վտանգ է ներկայացնում»,- հայտարարել է Պեսկովը։
Նա հավելել է, որ նման քայլը չի ​​վերացնում ընթացիկ հակամարտության սկզբնապատճառները, որոնք հանգեցրին նրան, որ Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն սկսի։
ՌԴ–ն Կիևին մատակարարվող հրթիռների անալոգներն ունի, բայց ավելի լավ բնութագրերով. Պուտին