ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Ներկայում ընթանում են Սիրիայի ճգնաժամի վերջնական կարգավորման նախաձեռնության համար հնարավորություն ստեղծելու նախապատրաստական աշխատանքները: Այս մասին Կատարի «Ալ Արաբի Ալ Ջադիդ» թերթին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Նա նաև նշել է, որ Թեհրանը միշտ ձգտում է խորհրդակցել և երկխոսություն վարել Թուրքիայի հետ առկա տարաձայնությունների շուրջ:
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Սիրիայում ահաբեկչական ակտիվության աճի ֆոնին սկսել է այցելել Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրներ: Նա այցելել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։