ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելն ու Լիբանանը հրադադարի վիճակում են, սակայն պատերազմն ավարտված չէ, քանի դեռ երկրի հյուսիսում անվտանգությունը չի վերականգնվել: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանի սահմանից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ծովափնյա Նագարիա քաղաքում կառավարության արտագնա հատուկ նիստի ժամանակ:
«Շեշտում եմ՝ սա հրադադար է, ոչ թե պատերազմի ավարտ։ Մենք հստակ նպատակ ունենք՝ վերադարձնել բնակիչներին և վերականգնել հյուսիսը։ Մենք երկաթե ձեռքով պահպանում ենք այդ հրադադարը և գործում ենք ցանկացած խախտման դեմ՝ աննշան, թե լուրջ»,- ասել է Նեթանյահուն։
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն էր իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և հրթիռակոծում հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր էր մղում և չէր դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Նոյեմբերի 26-ին Լիբանանն ու Իսրայելը պայմանավորվել են հրադադար հաստատել, համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով 04: 00-ին: Գիշերվա ընթացքում Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Բեյրութին։ Սակայն վերջին ժամերին ո՛չ Իսրայելի, ո՛չ Լիբանանի կողմից հարձակումների մասին հաղորդագրություններ չեն եղել։