«Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնում ավելի քան 15 միլիոն դոլար է հանգանակվել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Նոյեմբերի 28-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 27-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 15,302,500 միլիոն ԱՄՆ դոլար, հայտնում են հիմնադրամից:
«Քեզ համար, Հայաստան» խորագրով Հեռուստամարաթոն 2024–ի դրամական միջոցները կուղղվեն մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանը՝
սահմանային համայնքների խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերակառուցմանն ու կառուցմանը,
համայնքային բժշկական նոր կենտրոնի կառուցմանը,
սահմանային համայնքներում գտնվող դպրոցներում, մանկապարտեզներում, համայնքային կենտրոններում արևային կայանների տեղադրմանը,
սահմանային համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը,
բռնի տեղահանված արցախցի կանանց բիզնես կարողությունների հզորացմանը,
մշակութային և ստեղծարար նախաձեռնությունների աջակցությանը։
Բացի վերոնշյալից, 2025-2026թթ․ ընթացքում կիրականացվեն «Հեռուստամարաթոն-2024»-ին առաջադրված երկու լայնամասշտաբ նախագծերը, դրանք են՝
1. Բնակելի ավանի կառուցում հենաշարժողական խնդիրներ ունեցող պատերազմի վետերանների և նրանց ընտանիքների համար Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում՝ «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ:
2. Արցախի մշակութային ժառանգության կենտրոնի և արցախցի գորգագործների ընտանիքների համար բնակելի ավանի կառուցում Գյումրիում: