«Մեկ ամիս առաջ մեզ խոստումներ էին տվել, ո՞ւր ա»․ ի՞նչ են պահանջում վարորդները

Ավտոբուսի վարորդների գործադուլը
Ավտոբուսների վարորդները դժգոհ են Երևանի քաղաքապետարանի և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատանքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները վստահեցնում են՝ իրենք որևէ մեկին շանտաժ չեն արել և չեն անում, ուղղակի ցանկանում են, որպեսզի իրենց տրված խոստումները կատարվեն։
Նշենք, որ դեկտեմբերի 3-ին` վաղ առավոտից ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել։ Երևանի մի շարք վարչական շրջանների կանգառներում մարդիկ ժամերով սպասել են հանրային տրանսպորտի, սակայն ապարդյուն։ Քաղաքապետարանից էլ հայտնում են, որ ըստ օրենքի վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Վստահեցնում են՝ վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու են պատկան մարմիններին՝ ստեղծված իրավիճակին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով։
«Ի՞նչ զգուշացնեինք, մեր գործադուլի՞ մասին։ Իրենք 1 ամիս առաջ մեզ խոստացել էին, որ ամեն ինչ լավ է լինելու, աշխատավարձերը բարձրանալու են, զուգարանի, հավաքարարի հարցերը լուծելու են, բա ո՞ւր ա։ Ավտոբուսները, որ սիրուն, մաքուր դուրս ա գալիս երթուղի, մարդիկ էլ նստում են, էդ ամբողջը վարորդների շնորհքն ա։ Ես վարո՞րդ եմ, թե՞ հավաքարար։ Ստացվում է, որ բացի նրանից որ քշում ենք, նաև այլ գործառույթներ ենք իրականացնում, ինչի՞»,- նշեց բողոքի ակցիա իրականացնողներից մեկը։
Ներդրված միասնական տոմսային համակարգի մասին խոսելիս էլ նշում են՝ իրենց կարող են աշխատանքից հեռացնել, եթե ուղեվարձը չեն վերցնում որևէ ուղևորից։
«Մեզ ասում են՝ պետք է պահանջեք գումարը, բայց եթե ծեր մարդ է կամ դպրոցական երեխա, որ նստել է, 100 դրամանոց չունի, ձեռքին էլ «ՊՆ Nokia» է (կոճակներով հեռախոս), ինչ անենք, հանե՞նք ավտոբուսից, թե՞ տփենք, ձեռքից փող վերցնենք։ Հիմա էլ ձմեռ ա, ցուրտ ա, որ մեկի էրեխուն կամ ծնողին իջեցնեմ ու ասեմ` փող չունես, չես գնալու»,- դժգոհում են վարորդները։
Անդրադառնալով ուղևորների դժգոհություններին, թե 40 րոպե ավտոբուս են սպասում կանգառներում՝ վարորդները միասնական պնդեցին՝ պատճառը խցանումներն են։ Ընդգծում են՝ նույնիսկ հանրային տրանսպորտի համար հատուկ առանձնացված ուղիներով են երբեմն թեթև մարդատարները երթևեկում, ճանապարհների առաջին երթևեկելի մի շարք գոտիներում էլ «կարմիր գծեր են» արված, ինչը նույնպես խոչընդոտ է։
Հիշեցնենք, որ վարորդների ամսվա ընթացքում 15 օրվա համար վարձատրությունն առանց հարկերի (մաքուր աշխատավարձ) կազմում է մինչև մոտ 400 000 դրամ (MAN - 401,500 ՀՀ դրամ, Zhong Tong – 309 500 ՀՀ դրամ, Gazel City - 219,500 ՀՀ դրամ):