ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) կգնահատեն Լոռու և Տավուշի մարզերի ջրհեղեղից վնասված 8 կամրջի տեխնիկական վիճակը` տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունը։
«ԿԶԵՀ-ը կիրականացնի անհրաժեշտ հետազոտություններ, ներառյալ՝ նյութերի և միացումների ամրության գնահատում, ամրանների և մետաղների կոռոզիայի աստիճանի որոշում, երկար կամուրջների վիճակագրական և դինամիկ փորձարկումներ: Բացի այդ, կգնահատվի վերանորոգման և շինարարական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը և կմշակվեն օբյեկտների հետագա մոնիտորինգի առաջարկներ: Լուծումներ կառաջարկվեն նաև տրանսպորտային ենթակառուցվածքները ջրհեղեղների բացասական ազդեցությունից պաշտպանելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
ՏԿԵ նախարարությունը հայտնում է նաև, որ բոլոր աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչև այս տարվա վերջ։ Ստացված տվյալները և մասնագիտական կարծիքը հիմնադրամն անվճար հիմունքներով փոխանցելու է ՀՀ ՏԿԵ նախարարությանը։
ԿԶԵՀ-ն այս ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)-ի հետ համագործակցությամբ։
Նախարարությունը և հիմնադրամը համատեղ մշակել են 8 կամուրջների ստուգման տեխնիկական բնութագրեր։ Ստացված տեղեկատվության հիման վրա որոշում կկայացվի նշված տեղամասերում աշխատանքներ իրականացնելու մասին։
Նշվում է, որ ԿԶԵՀ-ը Հայաստանում ունի ճանապարհային ծրագրերի իրականացման հաջողված փորձ, որի ֆինանսավորման ծավալը հիմնադրամի ներդրումային վարկային միջոցներից հասնում է 350 մլն դոլար։
Հիշեցնենք` 2024–ի մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը աղետի գոտի են հայտարարվել։