Կազմակերպված տարհանումը հիմա անհնար է․ Սիրիայում ՀՀ դեսպանությունում թեժ գիծ է ստեղծվել

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած անձինք, ովքեր ցանկանում են մեկնել Հայաստան, կարող են դիմել Դամասկոսում կամ Բեյրութում ՀՀ դեսպանություններ և հեշտացված կարգով ստանալ վիզաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայում ՀՀ դեսպանությունն ու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարում են՝ կազմակերպված տարհանումն այս պահին անհնարին է, բայց հայրենակիցներին օժանդակելու նպատակով ստեղծվել է թեժ գիծ (+ 963 96 000 36 22)։ Տեղեկությունը հայտնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը։
«Այս պահին կազմակերպված տարհանումն անհնարին է: Հորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից (միայն անհրաժեշտության դեպքում), իսկ քաղաքից դուրս գալու փորձերը այս պահին լիովին բացառել»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում:
Հայտնում են, որ ճշտվում են ցուցակները, թե ում անձնագրերն են պատրաստ, կան անձնագրային գործեր, որոնք դեռ գտվում են պատրաստման փուլում և Հայաստանում են: Փնտրվում են հնարավորություններ առկա անձնագրերը իրենց հասցեատերերին հանձնելու ուղղությամբ: Դիվանագիտական կառույցից ընդգծում են՝ իրավիճակի փոքր-ինչ կայունանացումից հետո կկապվեն հասցեատերերի հետ և կտեղեկացնեն, թե որտեղ և ինչպես կարող են ստանալ իրենց անձնագրերը:
Սիրիայում ՀՀ դեսպանությունից նշում են՝ այն հայրենակիցները, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացիության, բայց դեռ չեն ստացել անձնագրերը և հայազգի Սիրիայի քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Հայաստան՝ կարող են դիմել Դամասկոսում կամ Բեյրութում ՀՀ դեսպանություններ և հեշտացված կարգով ստանալ ՀՀ մուտքի արտոնագրեր (վիզաներ):
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայում արտակարգ ռեժիմով շարունակում է իր աշխատանքները Դամասկոսում ՀՀ դեսպանությունում։
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։
Մարդիկ նյութական լուրջ խնդրի առաջ են․ հայազգի պատգամավորը՝ Հալեպում տիրող վիճակի մասին
Նշենք, որ 2011 թվականին սկսված ճգնաժամի ընթացքում առաջին անգամ ահաբեկիչները գրավել են Հալեպը։