Գազայի ավելի քան 130 հազար բնակիչներ քաղցած են. ՄԱԿ

Առաջիկա ամիսներին Գազայի սովահար բնակիչների թիվը կարող է եռապատկվել, նախազգուշացրել են ՄԱԿ-ում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Գազայի ավելի քան 130 հազար բնակիչներ գտվում են աղետալի սովի վիճակում։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հայտարարության մեջ:
«Մոտ 133 հազար մարդ կամ բնակչության 6 %-ն արդեն գտնվում է պարենի պակասի աղետալի մակարդակում։ Սա նշանակում է, որ մարդիկ սնունդ գրեթե չունեն և չեն կարող բավարարել իրենց հիմնական կարիքները: Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին այդ թիվը գրեթե եռապատկվելու է», - նշում է ՊԳԿ-ն։
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժել են սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, վերցրել ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվել է մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարել Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հակամարտության սկզբից զոհվել է ավելի քան 44,4 հազար պաղեստինցի, տուժել՝ ավելի քան 105,3 հազարը: