Անկարան Ասադից ուղերձներ չի ստացել Իրանի արտգործնախարարի միջոցով. թուրքական ԶԼՄ–ներ

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Անկարան միջնորդների միջոցով ազդանշաններ է ստանում քաղաքական շփումներ սկսելու Դամասկոսի պատրաստակամության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի Անկարա կատարած այցի ընթացքում Թուրքիան Սիրիայի նախագահ Բաշար Ասադից որևէ հաղորդագրություն չի ստացել։ Այս մասին հայտնել է Hürriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Դեկտեմբերի 1-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այցելել է Դամասկոս, որտեղ բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, իսկ դեկտեմբերի 2-ին Թուրքիայում հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Բանակցությունների հիմնական թեման Սիրիայում իրավիճակի կտրուկ վատթարացումն էր։
«Ընդ որում հետաքրքիր էր` արդյոք Բաշար Ասադը հանդիպում կխնդրի Թուրքիայի իշխանությունների հետ։ Սակայն ո՛չ ՌԴ ԱԳ նախարարը, ո՛չ էլ Իրանի ԱԳ նախարարը դա չմեկնաբանեցին։ Իրանի նախարարը Անկարա Ասադից ուղերձ չբերեց»,- գրում է թերթը։
Ավելի վաղ Türkiye թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Անկարան միջնորդների միջոցով ազդանշաններ է ստանում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին քաղաքական շփումներ սկսելու Դամասկոսի պատրաստակամության մասին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել էր, որ դեռ հույս ունի հանդիպել Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի հետ և նրա հետ քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։
Մարդիկ նյութական լուրջ խնդրի առաջ են․ հայազգի պատգամավորը՝ Հալեպում տիրող վիճակի մասին
Նշենք, որ 2011 թվականին սկսված ճգնաժամի ընթացքում առաջին անգամ ահաբեկիչները գրավել են Հալեպը։