ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) ստորաբաժանումներից մեկի պատասխանատու ծառայողը հափշտակել է հիշյալ ստորաբաժանման կարիքների համար հատկացված և իրեն վստահված 21 հազար լիտր բենզինը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Այդ գործողությունները նա իրականցրել է 2020 թ. սկզբից մինչև 2024 թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում:
«Պարզվել է, որ բենզինի մի մասը կտրոնների տեսքով վաճառել է, մի մասով լիցքավորել անձնական մեքենան»,- ասված է հաղորդագրությունում:
ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ ծառայողի կողմից հափշտակության փաստով կազմված փաստաթղթերն ուղարկվել են դատախազություն: