ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Սիրիայի ռազմաօդային ուժերի և Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել ահաբեկիչների դիրքերին Հալեպ նահանգի արևելքում։ Արդյունքում ոչնչացվել են տասնյակ գրոհայիններ։ Այս մասին ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակել է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը։
«Սիրիական և ռուսական մարտական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել ահաբեկիչների կուտակումներին և դրանց տեղաշարժի ուղղությամբ՝ Հալեպի արևելյան Սֆիրի բնակավայրի շրջանում։ Արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել։ Ոչնչացվել է նաև տեխնիկա»,-ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական ուժերի և ահաբեկիչների միջև մարտերի մասին: «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջաբհաթ ան-Նուսրա», արգելված է ՌԴ-ում) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել են բնակավայրերն ու ռազմական օբյեկտները: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։