ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակախմբի նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Ռուստամ Մուրադովը նշանակվել է ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով պաշտպանության նախարարության աղբյուրներին: Մուրադովի նշանակման մասին ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտարարել։
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին գեներալը ղեկավարել է 2020 թվականի նոյեմբերից, այսինքն՝ 44-օրյա պատերազմից հետո այնտեղ զորախումբ մտցնելու պահից մինչև 2021 թվականի մայիսը։ Հետպատերազմյան առաջին ամիսներին նա զգալի ներդրում է ունեցել հայ գերիների վերադարձի գործում, այդ թվում՝ անձամբ է ուղեկցել նրանց հայրենիք վերադառնալիս։
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Մուրադովը զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ, այդ թվում եղել է «Արևելք» զորքերի խմբավորման հրամանատարը։ 2022 թվականի հոկտեմբերից ղեկավարել է Արևելյան ռազմական շրջանի զորքերի միացյալ ռազմավարական հրամանատարությունը։ Գեներալն ունի Ռուսաստանի հերոսի կոչում, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV և III աստիճանի շքանշան, ինչպես նաև Արիության շքանշան: