ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Պատմության մեջ առաջին անգամ հայ մարզիկը մեդալ է նվաճել պարադահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան։
«Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանն (Աշոցք) առաջին անգամ Հայաստանի պարադահուկավազքի պատմության մեջ գրավեց երրորդ հորիզոնականը Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում։ Սա Գարիկի դեբյուտն էր միջազգային մրցաշարերում, և Հայաստանի պարադահուկավազքում երբևէ վաստակած առաջին մեդալը»,– ասված է հաղորդագրությունում։
Ֆեդերացիայից հայտնում են, որ Գարիկը հունվարին Թուրինում մասնակցելու է Համաշխարհային ուսանողական ձմեռային մարզական 32-րդ խաղերին։ Նշվում է, որ հաշմանդամային սպորտն առաջին անգամ է ընդգրկված լինելու խաղերում։
Դրանից հետո փետրվար-մարտին նա Նորվեգիայում ներկայացնելու է Հայաստանը պարադահուկավազքի աշխարհի գավաթին և աշխարհի առաջնությանը։