ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Տեղեկություններ կան, որ Հալեպն արդեն ամբողջությամբ ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը, որն այս պահին գտնվում է Հալեպում։
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը նոյեմբերի 30–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ թուրքամետ արմատական խմբավորումները գրեթե ամբողջությամբ գրավել են Հալեպը։ Ըստ ԶԼՄ–ների` քաղաքի որոշ շրջաններ և հյուսիսում գտնվող որոշ բնակավայրեր, որոնք լքել են Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումները, անցել են քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի» վերահսկողության տակ:
«Պետական բոլոր կառույցները, այդ թվում՝ հիվանդանոցները, դպրոցները բոլորն իրենց տիրապետության տակ են անցել։ Ահաբեկչական խմբավորումները բոլոր թաղամասերում են»,- նշեց Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ քաղաքում պարետային ժամ է հայտարարվել, ցերեկային ժամերին մարդիկ կարողանում են ազատ դուրս գալ։ Խանութների մի մասը բաց է, սակայն վաճառակետերում հաց չկա, իսկ սննդամթերքի մյուս տեսակները դեռ հասանելի են։ Չեն գործում բանկերը, այդ պատճառով մարդիկ կենցաղային, նյութական լուրջ խնդրի առաջ են հայտնվել։
«Սիրիական և ռուսական օդանավերը սկսել են հարվածներ հասցնել, բայց խնդիրն այն է, որ բոլոր այն վայրերը, որտեղ կենտրոնացած են ահաբեկչական խմբավորումների անդամները, բնակելի շրջանների մոտ են։ Քիչ առաջ էլ ավիահարված եղավ, բնակչությունն արդեն ահուսարսափի մեջ է, բայց սիրիական բանակին էլ այլ բան չի մնում․ ցամաքային հարձակում չի կարող գործել, դրա համար մնացել է օդայինը»,- նշեց Գաբրիելյանը։
Հալեպ-Դամասկոս մայրուղին շարունակում է փակ մնալ, ահաբեկիչներն են փակել։ Ըստ Գաբրիելյանի՝ խոսակցություններ կային, որ քրդական խմբավորումները խնդրել են մարդասիրական միջանցք տրամադրել ընտանիքներին դուրս բերելու համար։ Խոսքը մոտ 38 հազար ընտանիքի, այսինքն՝ գրեթե 200 հազար մարդու մասին է, սակայն ճանապարհը փակ է։
Կազմակերպված տարհանում քաղաքում չի արվել, ուրբաթ օրը կեսօրից հետո մեծ թվով մարդիկ անձնական նախաձեռնությամբ դուրս են եկել քաղաքից։
«Հալեպն ունի 3 միլիոն բնակչություն։ Ասում են, որ այդ օրը մի քանի ժամում մոտ 1 միլիոն մարդ է քաղաքից դուրս եկել, դրա համար էլ ճանապարհներին սարսափելի խցանում էր, 2 ժամվա ճանապարհը մարդիկ մոտ 30 ժամում էին անցնում»,- նշեց Գաբրիելյանը։
Ըստ նրա՝ ուրբաթ օրը քաղաքից դուրս եկածների թվում նաև հայեր են եղել, որոնք տեղափոխվել են Սիրիայի առավել ապահով շրջաններ։ Ինչ վերաբերում է հայ համայնքի շրջանում զոհերին և վիրավորներին, այս պահի դրությամբ միայն մեկ զոհ կա․ նա սպանվել է դիպուկահարի կրակոցից երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Հալեպից դուրս։
Համայնքի կառույցները՝ ակումբները, առաջնորդարանը, մշտական կապի մեջ են բնակիչների հետ, գործում են թեժ գծի հեռախոսահամարներ, որոնցով համայնքի անդամները կարող են զանգահարել խնդիրների դեպքում։
«Շատ անորոշ, սպասողական վիճակ է»,- ասաց Գաբրիելյանը։
Նա նշեց, որ ահաբեկիչները փորձում են բնակիչների հետ բախումների չգնալ, բայց հիմա է այդպես, չափազանց անկայուն իրավիճակ է, որովհետև նրանք էլ են գործում ըստ հրահանգի, այսինքն՝ իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել, երբ այլ հրահանգ լինի։
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս իրադարձությունների ֆոնին սկսել է այցելել Մերձավոր Արևելքի երկրներ: Երեկ նա մեկնել է Դամասկոս, հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Արաղչիի ուղևորության հաջորդ կետն Անկարան է։